Դպրոցի կենսագրությունը սկսվում է 1928թ.-ից: Այն յոթնամյա էր, բազմազգ ու բազմալեզու: Ի պատիվ հայազգի մեծն զավակի /50-ամյակի կապակցությամբ/ մայրաքաղաքի նորաբաց հ.1 դպրոցին շնորհվում է Ստ. Շահումյանի անունը: Հետագայում կառուցվում է դպրոցի 3-րդ հարկը: Այլազգիները տեղափոխվում են այլ դպրոցներ և մայրաքաղաքի սրտում սկսում է գործել Ստ. Շահումյանի անվան հ.1 հայկական դպրոցը: Տարիքն առած դպրոցըհարուստ է իր սաներով, իր 84 տարիների պատմությամբ և ավանդույթներով: Նա ունեցել է հազարավոր շրջանավարտներ, որոնք իրենց արժանի տեղն են գրավել գիտության, արվեստի, քաղաքաշինության և այլ ոլորտներում, որոնց անունները հայտնի են բոլորին՝ Էդվարդ Միրզոյան, Սուրեն Ավդալբեկյան, Գևորգ Ջահուկյան, Ալեքսանդր Հարությունյան, Գրիգոր Խանջյան, Սարգիս Մուրադյան, Ջոն Կիրակոսյան, Հրաչյա Հովհաննիսյան, Անահիտ Սահինյան, Վանուշ Խանամիրյան, Գագիկ Հովհաննիսյան, Ռաֆայել Ստամբոլցյան, Լաուրա Գևորգյան, Գալյա Նովենց, Արմեն Սանթրոսյան, Ռաիսա Մկրտչյան, Վարդան Ամիրյան և շատ ու շատ ուրիշներ: Դպրոցի հիմնադրման ակունքներից այստեղ աշխատել են վաստակաշատ մանկավարժների մի աստղաբույլ: 80 տարիներ անընդմեջ հնչել է դպրոցի զանգը: Սահել են տարիները՝ բերելով պատերազմ ու ցուրտ, անդառնալի կորուստներ: Դպրոցը անգամ այս պայմաններում մնացել է կանգուն, հավատարիմ իր առաքելությանը: Իր յոթ զավակների կրթության ոչ դյուրին գործը Շահումյանի անվան դպրոցին էր վստահել հայ ազգի մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը:Դպրոցը անմասն չմնաց Ղարաբաղյան պատերազմից. տուն չվերադարձավ 19-ը չբոլորած Հրանտ Ամիրզադյանը:1988թ-ի. ահեղ երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին գրկաբաց ընդունեց դպրոցը:Դպրոցը պարբերաբար իր շուրջն է հավաքում իր շրջանավարտներին` մասնակցելու հոբելյանական տոներին: Այսօր էլ դպրոցը սրբորեն պահպանում է իր ավանդույթները, որոնք գալիս են սկզբնավորման ժամանակներից: Ոչինչ չի կանգնեցրել ուսուցչին՝ մինչև վերջ նվիրաբերվելու մատաղ սերնդի դաստիարակության և հայրենիքի ապագան կերտելու գործին: Կրթօջախն այսօր նորովի քայլող, նոր ծրագրերով առաջնորդվող դպրոցներից է: Սկսած 2-րդ դասարանից ուսուցանվում են ռուսերեն ու ֆրանսերեն, 3-րդ-ից նաև անգլերեն լեզուները: Գործում են համակարգչային 2 դասասենյակներ ինտերնետ կապով: Աշակերտների գեղագիտական դաստիարակությանն են նպաստում երգի, նկարչության, թատերական /անվճար/ խմբակները, շախմատի խմբակը: Այսօր դպրոցը հարուստ է իր նախկին ու ներկա ուսուցիչներով, իր սաներով, պատմությամբ ու ավանդույթներով: